Կառլեն պապիկը 76 տարեկան է, Արմիկ տատիկը` 74, արմատներով Մշեցի են: Կառլեն պապիկն ասում է, որ Մուշի բնակչության մի մասը տեղափոխվել է Ջավախք, մի մասը` Գարդմանա քաղաք, 15 ընտանիք հանգրվանել է Լենինականում (Գյումրի), 25 ընտանիք` Կիրովականում (Վանաձոր):
1991 թ. Գյումրիից տեղափոխվել են Ծափաթաղ: Կառլեն պապը մասնագիտությամբ մեխանիկ է: Արդեն Ծափաթաղում նա իր տեխնիկայի միջոցով ոչ միայն քարերից ազատեց 14 հա խոպան հողատարածքը` գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, այլև շատ ու շատ մարդկանց մեծ օգնություն ցույց տվեց: Ինքն և Արմիկ տատը 2 աղջիկ և 2 տղա ունեն: Բոլորն էլ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում (բժիշկ, մանկավարժ, իրավաբան, ծրագրավորող): Ցավոք, տղաներից մեկը մոտ մեկ տարի առաջ մահացել է:
Նրանք Ծափաթաղում մեծ թվով բարեկամներ ունեն, և հենց այս գյուղում հաստատվելու որոշումը պայմանավորված է դրանով: Ասում են` բավականին գոհ են Հայաստանի նախագահի և վարչապետի վարած քաղաքականությունից:
Հյուրասեր ու հայրենասեր ընտանիք են: Թոշակառուներ են, մեծ այգի ունեն. «…Աշխատի, ապրի, իսկական կյանքը ստեղ ա»: Իրենք չեն հասկանում այն մարդկանց, ովքեր, լինելով շատ ավելի երիտասարդ, իրենց հույսը միայն պետությությունից կենսաթոշակ կամ նպաստ ստանալու վրա են դնում:
Իրենց իսկ ձեռքով մշակած հողատարածքը վերցվել է իրենց ձեռքից այն դեպքում, երբ իրենք վճարում էին նախատեսված բոլոր հարկերը: Այդպես պատահեց գյուղի մոտ 70%-ի հետ... Արդեն շուրջ 10 տարի է, ինչ այդ հողերը չեն մշակվում: Դրա պատճառով էլ և' բերքը պակասեց, և' արոտները, որի հետևանքով էլ անասնագլխաքանակը նույնպես շատ քչացավ: Ներկայումս նրանց տրամադրել են որոշ հողատարածք, որը մի քանի անգամ իր բերրիության մակարդակով զիջում է նախկինին: Այս տարի պետությունը գարի է տրամադրել գյուղացիներին: Արմիկ տատը և Կառլեն պապիկը գյուղապետին խնդրել են, որ իրենց թույլ տան մշակել` արդեն մի քանի տարի անմշակ համարվող հարևան հողերը, որը, ըստ իրենց, ավելի բերրի և նպաստավոր է աշխատելու համար, սակայն մերժվել են: Ասում են` այդ հողատարածքը օրինական սեփականատեր ունի, ով շատ վաղուց է` չի հայտնվել: Գուցե և շատ վաղուց մահացել է, իսկ եթե անգամ չի էլ մահացել, ապա գտնվում է շատ հեռվում ու դժվար թե հիշի այդ հողատարածքի մասին:
Զարմանալի և ապշեցուցիչ է այն, որ այդ տարիքում նրանք ունեին դրախտիկ մի այգի, որի ամեն մի ծառ մշակված էր, և դա տեսանելի էր նույնիսկ անզեն աչքով: Այգում աճեցնում էին թութ, ծիրան, բալ, դեղձ, տանձ, խաղող, սոխ, սխտոր, վարունգ, լոլիկ, լոբի, կարտոֆիլ:
Նրանք խաղողից 40-70 կգ բերք էին ստանում և դրանից մթերում էին գինի և օղի: Արմիկ տատը և Կառլեն պապը նշեցին, որ Արտաշատից երբեմն գալիս ու գնում են տանձ` 200 դրամով:
Այս ամենը էլ ավելի հետաքրքրական ու զարմանահրաշ էր, քանի որ ոչ մի պարարտանյութ և պեստիցիդ չէր տրվում հողր պարարտացնելու համար և պարարտացումը կատարվում էր միայն բնական եղանակով` գոմաղբի միյոցով: Կառլեն պապիկը զբաղվում էր նաև մեղվապահությամբ, ուներ 10 փեթակ, որից 3-ը նոր էին:
Այն հարցին, թե արդյոք չի անհանգստացնում այն, որ գտնվում են սահմանամերձ գոտում, Արմիկ տատը պատասխանեց . «Ի՞նչ ա եղել է, ես էլ կգնամ կռվելու, զինվորներին ճաշ կեփեմ ու կկռվեմ»:
Մենք հիացած էինք այդ ընտանիքի հայեցիությամբ ու հյուրասիրությամբ: Ամենահետաքրքիրն այն էր, որ Կառլեն պապիկը ուներ շատ ուժեղ հիշողություն, հոյակապ գիտեր ոչ միայն իր ազգի պատմությունը, այլև այլ ազգերի պատմությունը: Արմիկ տատիկն էլ շատ կրթված անձնավորություն էր, իսկ երբ խնդրեցինք նրա հեռախոսահամարը և տեսանք նրա մարգարտաշար ձեռագիրը, հազիվ կարողացանք զսպել մեր հիացական բացականչությունները:
Մյուս գյուղացիների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ գյուղը գրադարան չունի, իսկ մեր հերոսներն ահռելի գրադարան ունեն, որտեղ հոյակապ գրականություն կար թե' արտասահմանյան, թե' հայկական:
Կառլեն պապիկն ու Արմիկ տատիկը պատմում էին, որ ժամանակին իրենց շատ ու շատ բաներից էին զրկում և դրա փոխարեն գիրք էին գնում: Կառլեն պապիկը նաև նշեց, որ 2 պարկ գիրք էլ կա, որոնք տեղադրված չեն գրապահարանում: Շատ հաճախ գրքերից շատերը, որոնք տանը չեն դրված, գողանում են: Եթե գողանային կարդալու համար, նա իրեն վատ չէր զգա, բայց հաստատ վստահ չէ. գողացողը այն որպես վառելիք է օգտագործում:
Նրանց կենցաղային պայմանները շատ խղճուկ են, պատերը բավական բարակ են, և նույնիսկ ամռանը երեկոյան վառարանում ստիպված էին կրակ պահել, որ չսառչեն: Ողջ հողատարածքի շուրջը երկնակարկառ բարդիներ են, որոնք Կառլեն պապիկը տնկել է մոտ 50 տարի առաջ, և հիմա ստիպված տապալում է այդ հսկաներին` ջերմություն ապահովելու նպատակով:
Կառլեն պապիկը ևս մեկ կարևոր բան ասեց. «Մեր երկրի օրենքները շատ լավն ա, ուղղակի չեն հետևում, հիմա օրենքը փողնա»:
Այդ երկու հրաշալի մարդիկ կարիք ունեն ինչ-որ մեկի հետ զրուցելու, և երբ Կառլեն պապիկը խոսում էր, և Արմիկ տատիկն ասելու բան էր ունենում, ասում էր. «Սրան մի լսեք, որ ընկավ պատմության գիրկը էլ դուրս չի գա»:
Հիմա "Լույսի" Ծափաթաղի թիմը գյուղում ընտանիք ունի` Կառլեն պապիկն ու Արմիկ տատիկը:
Գաբրիել Թուֆիկչյան
Ժաննա Հարությունյան





















